Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու, ինչպես
նաև մոր հետծննդյան քառասունքի կարգը հաստատվել է Հին Կտակարանում Մովսես
մարգարեի կողմից: Այս օրենքը նոր շունչ ստացավ և պահպանվեց նաև քրիստոնյաների մեջ:
Այժմ, երբ քրիստոնյա ընտանիքում երեխա է ծնվում, Եկեղեցու կողմից հաստատված
կարգի համաձայն` ծնողները նրան ծննդյան քառասուներորդ օրը եկեղեցի են տանում, ուր և
կատարվում է քառասուն օրական մանուկի ընծայման և մոր մաքրագործման կարգը:
Կարգը մոր համար մաքրագործման, իսկ մանկան համար տաճարին ընծայման
խորհուրդն ունի, ինչպես Հիսուս Քրիստոսը քառասուն օրականում ընծայվեց տաճարին:
Քառասուներորդ օրը մայրն իր նորածնին գրկած գալիս է եկեղեցի և ներս չմտնելով՝
կանգնում եկեղեցու գավթում, ապա քահանայի հրահանգով քառասուն անգամ ծնկի գալիս ու
կանգնում: Այդ ընթացքում քահանան մոր համար աղոթքի մեջ խնդրում է, որ Տերն արժանացնի
իր աղախնուն մտնել Իր սուրբ տաճար՝ հաղորդվելու սուրբ Մարմնին և Արյանը, մաքրի նրան
մարմնի և հոգու աղտերից: Իսկ երեխայի համար քահանան խնդրում է, որ Աստծո ողորմության
շնորհները հաստատուն լինի երեխայի վրա, որպեսզի լինի հզոր և աներկյուղ թշնամու
ներգործությունից, արժանացնի ընդունելու Իր սուրբ Մարմնինն ու Արյունը, ինչպես նաև
ունենա սրբության, հեզության, ճշմարտության և որդեգրության հոգի, լինի անբիծ և անարատ:
Այնուհետև մտնում են եկեղեցի, և քահանան, գրկելով նորածնին, բարձրանում է խորան,
մանկանն ընծայում Աստծուն, օրհնում և արձակում խաղաղությամբ:
Տեր Սմբատ քահանա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից